Սեփական դղյակում գերիի կարգավիճակում հայտնված Յեմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը պատրաստ է հրաժարական տալ մինչև տարվա վերջ` իշխանության փոխանցման վերաբերյալ սահմանադրական օրենքի համապատասխան, Associated Press-ի թղթակցին հայտնել է նախագահի մամուլի քարտուղարը:
Նախօրեին կայացած հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն իր ծրագրերի մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչներին, ռազմական ղեկավարներին և ցեղերի առաջնորդներին:
Նախագահի պաշտոնից հրաժարվելու դեպքում Սալեհը կարող է ապաստան գտնել Ռուսաստանում, Չինաստանում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է եգիպտական տեղեկատվական «Ալ-Բավաբա» գործակալությունը:
Նախագահ Ալի Աբդուլա Սալեհի ռեժիմը կտապալվի 24 ժամվա ընթացքում, կանխատեսում է Յեմենի The Yemen Post պարբերականի գլխավոր խմբագիր Խակիմ ալ-Մասմարին:
Յեմենում տիրող իրավիճակը ժամ առ ժամ սրվում է: Երկրի մայրաքաղաք Սանայում զրահամեքենաները գրավել են դեպի նախագահական նստավայր տանող թաղամասերը:
Յեմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը աստիճանաբար կորցնում է կողմնակիցներին: Ընդդիմության կողմն է անցել երկրի ռազմական գերագույն ղեկավարությունը: Նրան դավաճանել է անգամ խորթ եղբայրը` գեներալ Ալի Մոհսեն Սալեհ ալ-Ամարը, ով առաջին տանկային դիվիզիայի հրամանատարն է: