«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն իր փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով ուղերձ է հղել լրագրողներին:
«Նա ձեզ անձամբ յուրաքանչյուրիդ որպես լրագրողական համայքնի ներկայացուցիչներ և գործընկերներ, անկախ ձեր և իր ունեցած պատկերացումների տարբերություններից, խնդրում է ամեն օր տեղեկանալ` արդյո՞ք նա հանձնել է որևէ ծրար «Արթիկ ՔԿՀ-ի» վարչակազմին` «Հայկական ժամանակ» ուղարկելու համար: Միաժամանակ նա հայտնում է, որ ամեն աշխատանքային օր առնվազն մեկ ծրար հանձնելու է «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմին` «Հայկական ժամանակ» փոխանցելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վահե Գրիգորյանը:
Նա նաև նշել է, որ անհնար է, որ Փաշինյանը որևէ պարագայում իր այս խոստումը չկատարի:
«Իր սույն խոստումը չկատարելու միակ հնարավոր տարբերակն այն է, որ, ինչպես և նախկինում, ներկայումս նույնպես նրանից առգրավեն իր գրենական պիտույքները, այսինքն` ֆիզիկապես հնարավորություն չտան իր լրագրողական աշխատանքը կատարել»,- ասաց Վահե Գրիգորյանը: