Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին վրացական Region TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր կուսակցությանը չեն հետաքրքրում ոչ Հարավային Օսիան և ոչ էլ Աբխազիան:
Նրա խոսքով` առաջնային հետաքրքրություն է ներկայացնում ռուս-թուրքական սահմանների հաստատումը: «Որպեսզի մեր և Թուրքիայի միջև ոչ ոք չլինի, ո՛չ Աբխազիան, ո՛չ Հարավային Օսիան, ո՛չ Վրաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը: Ռուս-թուրքական սահման: Իսկ Արևմուտքում`ռուս-գերմանական: Ահա այն երկու սահմանները, որոնք լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ապագայում կպաշտպանի: Մեր միջև գտնվող բոլոր երկրները պարզապես խթանում են տիրող իրավիճակի սրումն ու վատթարացումը»,-հայտարարել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով` «ցանկացած պարագայում» ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակը Իրանը վերացնելն է:
«Այդ իսկ պատճառով, եթե Վրաստանը խոչընդոտի ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամագրման գործընթացին, ողջ վրացական բիզնեսը Ռուսաստանում կվերացվի, բոլոր վրացի «օրենքով գողերը» ռազմական ինքնաթիռներով բռնի կերպով կփոխադրվեն Վրաստան, և ողջ Վրաստանը թե՛ ծովային, թե՛ ցամաքային, և թե՛ օդային ճանապարհներով շրջափակման մեջ կմնա: Եվ սովի ոսկրոտ ձեռքով Վրաստանը խեղդամահ կարվի և կվերանա:
Իրանի վրա միջուկային հարձակման դեպքում, միլիոնավոր փախստականներ կտեղափոխվեն Կովկաս, մենք նրանց կկանգնեցնենք ադրբեջանական սահմանի մոտ և կուղարկենք դեպի Վրաստան: Վրաստանը լրիվ խուճապի կմատնվի: 10 միլիոն փախստականներ, այնտեղ նրանք վրացիներին մորեխների պես կտրորեն, եթե Վրաստանը հանդգնի խոչընդոտել Ռուսաստանին Համաշխարհային առևտրային կազմակերպության կազմի մեջ մտնել», – եզրափակել է ռուսաստանյան քաղաքական գործիչը: