Մինչ ապրիլի 10-ը Ժողովրդական կուսկացությունը (ԺԿ) պատրաստվում է Գյումրիում հանրահավաք անցկացնել, իսկ Երևանում` ազատամարտիկների համաժողով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով` իր կուսակցությունն այնպիսի քայլեր կձեռնարկի, որոնք, գուցե, անակնկալ կլինեն հանրության համար: Լրագրողի խնդրանքին մանրամասնել անակնկալի էությունը` բանախոսն ասել է. «Ես չեմ կարող հիմա ամեն ինչ ասել, բայց օրինակ կակտիվանան մեր կանայք, կանայք, ոչ թե ԲՏՌ-ները»:
Epress.am-ը խնդրել է պարզաբանել, թե ինչ նկատի ունի Ժողովրդական կուսակցության նախագահը` ասելով ԲՏՌ-ներ.
«Այն կանայք, ովքեր գալիս մեր միտինգին, թերթ են բաժանում: Ես նրանց անվանում եմ ԲՏՌ-ներ, բայց կարամ ուրիշ բնորոշում էլ տամ, եթե շատ եք ուզում` Լևոն Տեր-Պետրոսյանի վկաներ»,- ասել է Կարապետյանը:
Նա շարունակել է խոսել է Հայ Ազգային Կոնգրեսի մասին` նշելով, որ մարտի 17-ի հանրահավաքից հետո ցուցարարները տեսան, որ արմատական հարցեր չեն դրվում, առաջ են գալիս բանակցային հարցեր:
«Արմատական բան չկա, մոտեցում չկա: Ասում են` «տաք գլուխներ, հանգստացեք, շախմատ ենք խաղում»», – ասել է ԺԿ առաջնորդը:
Նա նշել է նաև, որ մարդկանց մեջ կոչեր են եղել գիշերել հանրահավաքի վայրում, իսկ իր լրագրողները ֆիքսել են, որ ՀԱԿ-ի հանրահավաքին ընդդիմության համակիր շատ կանայք վերմակներով են եկել:
Դիմելով լրագրողներին` Տիգրան Կարապետյանը պարզաբանել է` «դուք երևի ուշ եք եկել, չեք տեսել», թեև հավաքվածներն այդ առիթով ոչ մի հարց չեն հնչեցրել:
Ասուլիսի ընթացքում Տիգրան Կարապետյանը պնդել է նաև, որ Եվրոպայից ժամանած չինովնիկները հանդիպում են Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր Պետրոսյանի և չեն հանդիպում իր հետ այն պատճառով, որ ինքը նրանց հետ «գործարքի մեջ չի»: