Նախօրեին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել Հայաստանի հավաքականի հետ կայանալիք Եվրո-2012-ի ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում, ինչպես նաև մարտի 29-ին Քաթարի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հանդիպել է լրագրողների հետ:
«Առջևում դեռ 6 խաղ կա: Ինչպես միշտ ասում եմ`մրցանակը սպասում է հաղթողին վերջում: Իսկ մինչ այդ, արդեն անցյալում են 5 խաղեր: Սակայն հասկանում եմ, որ եթե Հայաստանի նկատմամբ հաղթանակ տանենք, հակառակորդը 5 միավորով հետ կմնա մեզանից: Իսկ եթե այլ արդյունք լինի, նրանք կմնան այն թիմերի խմբում, որոնք պայքար են տանում առաջնության եզրափակիչ դուրս գալու համար:
Պայմանները միևնույնը կլինեն և՛ մեզ համար, և՛ Հայաստանի, միայն այն բացառությամբ, որ հակառակորդը 5 հանդիպումներից արդեն 4-րդը կանցկացնի սեփական հարկի տակ: Մեծ հաշվով, մեզ համար այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես կխաղան հակառակորդները, կարևորն այն է, թե մենք ինչպես մեզ կդրսևորենք: Բնականաբար, չի կարելի խաղալ այնպես, ինչպես դա եղավ Բելգիայի և Իրանի հետ հանդիպման ժամանակ: Պետք է այնպես գործել, ինչպես Իռլանդիայում և Մակեդոնիայում: Այսինքն շատ ագրեսիվ` լավ ֆուտբոլ ցուցադրելով: Կարծում եմ, բոլորը պատրաստ են դրան: Ֆուտբոլում թույլ մրցակիցներ չեն մնացել»,-նշել է Դիկ Ադվոկատը: