Երեկ Ազգային ժողովում «Հրապարակ» օրաթերթի լրագրողը հարց է ուղղել ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանին առ այն, թե նա չի այցելել արդյո՞ք հացադուլավոր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Իսկ ինչից ենթադրեցիք, որ ես պիտի գնամ», – հարցրել է Կարախանյանը:
«Ձեր կարծիքով` պե՞տք է գնալ, թե ոչ»,- հարցը վերաձևակերպել է օրաթերթի լրագրողը:
«Ես ճիշտն ասած, չեմ գնացել, բայց մթերք-բան եմ ուղարկել, ինքը հրաժարվել ա ընդունելուց», – ասել է պատգամավորը:
Լրագրողը հարց է ուղղել` ինչո՞ւ էր ՀՀԿ-ականը մթերք ուղարկում հացադուլի նստած մարդուն, արդյո՞ք փորձում էր գայթակղել նրան:
«Չէ, իհրակե, ոչ: Ես իմ մարդասիրական քայլն եմ կատարել»,- հայտարարել է հանրապետականը:
ՀՀԿ-ական պատգամավորը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» ղեկավարին երշիկ, պանիր, հաց, լոլիկ է ուղարկել, որը հետ են ուղարկել Ազատության հրապարակից: Օրաթերթը տեղեկություններ է հաղորդում, որ հացադուլի 7 օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանին ուտելիք առաջարկել է միայն մի մարդ` անտուն թափառական, ով նրան կարկանդակ է բերել: