Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՅԴ առաջարկած նախագծի քննարկման ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրել է, թե արդյո՞ք նրա կարծիքով ընտրացուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում է, գրում է «Երկիր» օրաթերթը:
««Եթե հրապարակվեն, ժողովուրդը կիմանա՞, որ քվեարկել են 58 հազար վաղուց մեռած թոշակառուներ, որոնք նաև թոշակ են ստանում»,- ասաց Հովհաննիսյանը:
Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ ժամանակակից եվրոպական տենդենցները խոսում են այն մասին, որ մասնակցության գաղտնիությունը ևս դիտարկվում է որպես պաշտպանության մեխանիզմ: Ապա ավելացրեց, թե եթե խոսքը 58 հազարի մասին է, հնարավոր է լուծման ճանապարհները ընտրողների պատշաճ ցուցակներ ունենալու մեջ է, որ այդ խնդիրներն այլևս չառաջանան և լինեն վերահսկման այլ մեխանիզմներ, ինչպես օրինակ, վստահված անձի կողքը նստելը: Նախարարը, սակայն, մոռացավ նշել, թե վստահված անձն ո՞ւմ կողքին պիտի նստի, ինչն էլ չվրիպեց Վահան Հովհաննիսյանի աչքից: «Մեռածի՞ կողքը նստած լինելը»,- արձագանքեց նա, ինչն էլ զայրացրեց նախարարին. «Եթե Ձեզ համար հնարավոր է մեռածի կողքը նստած լինելը ընտրության ժամանակ, ուրեմն` մեռածի, և պետք չէ այդպես իրոնիայով բաներ ասել: Հասկանալի չէ՞, որ հանձնաժողովի անդամի կողքը»:
Ի պատասխան, Վահան Հովհաննիսյանը նախարարին հորդորեց չնյարդայնանալ: «Մենք իրավունք ունենք ցանկացած հարց տալ և իրոնիայի ցանկացած աստիճանով»»: