Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 160 կմ հարավ գտնվող Դերա քաղաքում ուրբաթ օրվանից չեն դադարում հակակառավարական ցույցերը: Այս քաղաքում տեղի ունեցած ցույցերը ամենալուրջ մարտահրավերն են նախագահ Բաշար Ասադի ղեկավարությանը, նշում են արևմտյան քաղաքական վերլուծաբանները:
Երեքշաբթի ուշ երեկոյան Սիրիայի անվտանգության ուժերը փորձել են ներխուժել Դերայում գտնվող մզկիթը, որտեղ ապաստան են գտել ցուցարարները: Հարձակման արդյունքում սպանվել են 6 քաղաքացիներ:
Կառավարությունը, այդուհանդերձ, միջադեպի պատասխանատվությունը գցում է «զինված հանցագործ խմբավորման» վրա, հաղորդում է պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Բնակիչները պատմել են, որ չորեքշաբթի վաղ առավոտյան կրակոցներ են լսվել Օմարո մզկիթի շրջակայքում, որը ուրբաթ օրվանից սկսած հակակառավարական ցույցերի կենտրոն է դարձել:
«Կարծում ենք անվտանգության աշխատակիցները փորձում էին գրավել համալիրը: Իհարկե, հստակ չենք կարող ասել էլեկտրականության բացակայության պատճառով: Միաժամանակ արցունքաբեր գազ էր կիրառվում»,- Reuters գործակալությանը պատմել է բնակիչներից մեկը:
Ցուցարարները քաղաքական ազատության կոչ են անում և պահանջում են վերջ դնել կոռուպցիային: Ավելի վաղ նրանք նշել էին, որ պատրաստվում են մզկիթում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները կյանքի չեն կոչվել:
Սիրիայում մարդու իրավունքների ակտիվիստ Մուհամեդ Ալ Աբդալահը, որը գտնվում է ԱՄՆ-ում արտաքսման պատճառով, պատմել է, որ ինքը կապվել է Դերայում գտնվող մարդկանց հետ: Վերջիններս նրան հաղորդել են, որ մահացածների մեջ է եղել նաև իրենց օգնություն ցուցաբերող բժիշկը:
«Անվտանգության ուժերը կրակ են արձակել ցուցարարների ուղղությամբ, նաև պայթուցիկներ են կիրառվել: Վիրավորների մեջ կան կանայք և երեխաներ»,-«Ալ Ջազիրային» հաղորդել է իրավապաշտպանը:
«Ալ Ջազիրայի» թղթակիցը հաղորդել է Դամասկոսից, որ իրադարձությունները կարող են շատ լուրջ և դաժան զարգացումներ ունենալ:
Նա նաև նշել է, որ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը մատնանշում է, որ կառավարությունը հրաժարվել է բանակցելու իր նախնական առաջարկից: