ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանի ուղարկած սնունդը չի հասել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Epress.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ Կարախանյանի հայտարարությունը, թե իբր ինքը երշիկ, պանիր, հաց և լոլիկ են ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, չի համապատասխանում իրականությանը:
«Երևի Կարախանյանի տված սնունդն ուղարկողները ուրիշ հասցեով են տարել, Կարախանյանին էլ ասել են, թե էստեղ են ուղարկել. այստեղ որևէ մեկը նման բան չի բերել»,- ասել է Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության մեկ այլ պատգամավոր էլ` Լարիսա Ալավարդյանն ասել է, որ ինքն էլ առաջին անգամ է լսում նման բանի մասին, և երբ մենք մանրամասնեցինք, որ Կարախանյանն իր այդ քայլը բնորոշել է որպես մարդասիրական քայլ, Ալավերդյանն ասել է.
«Եթե նման բան են արել, ապա դա ոչ թե մարդասիրական, այլ մարդակերական քայլ է»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովում «Հրապարակ» օրաթերթը զրուցել էր Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանի հետ, ով հայտարարել էր, որ ինքը չի այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն նրան սնունդ է ուղարկել.
«Ես ճիշտն ասած, չեմ գնացել, բայց մթերք-բան եմ ուղարկել, ինքը հրաժարվել ա ընդունելուց», – ասել է պատգամավորը:
Լրագրողը հարց է ուղղել` ինչո՞ւ էր ՀՀԿ-ականը մթերք ուղարկում հացադուլի նստած մարդուն, արդյո՞ք փորձում էր գայթակղել նրան:
«Չէ, իհարկե, ոչ: Ես իմ մարդասիրական քայլն եմ կատարել»,- հայտարարել է հանրապետականը: