Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մարտի 22-ի ուշ երեկոյան ելույթով հանդես է եկել իր կողմնակիցների առջև: Երեք րոպե տևած ելույթը հեռարձակվել է պետական հեռուստաալիքով:
Քադաֆին դիմել է իր համախոհներին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավում գտնվող իր նստավայր Բաբ ալ-Ազիզայի պատշգամբներից մեկից: Նա կրկին հայտարարել է, որ Լիբիան «ցանկացած գնով» հաղթանակ կտանի այն երկրների նկատմամբ, ովքեր «խաչակրաց արշավանք են սկսել իսլամի դեմ», և կջախջախի իր քաղաքական ռեժիմի հակառակորդներին:
Քադաֆիի խոսքով` երկրի վրա «ֆաշիստների խումբ» է հարձակվել, որը արդյունքում կհայտնվի «պատմության աղբանոցում»:
Նշենք, որ Բաբ ալ-Ազիզա ռազմակայանը, որը միաժամանակ որպես նստավայր է ծառայում Քադաֆիի համար, ռմբակոծման էր ենթարկվել արևմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից մարտի 21-ի երեկոյան:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հրթիռային և ավիացիոն հարձակման են ենթարկել ընդհանուր առմամբ Լիբիայի 20 նշանակետեր: Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ հարձակման թիրախ են դարձել լիբիական հակաօդային ուժերի համակարգերը: Քադաֆին իր ելույթի ժամանակ նշել է, որ իր կողմնակիցները «լավագույն հակաօդային պաշտպանությունն են» ստեղծում: «Մարդիկ հավաքվել են այստեղ: Քադաֆին մարդկանց մեջ է: Հենց սա է հակաօդային պաշտպանությունը»,- հայտարարել է Լիբիայի առաջնորդը:
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ABC News-ի հետ զրույցում պատմել է, որ Քադաֆին իր ներկայացուցիչներին ուղարկել է մի շարք երկրներ` բանակցություններ վարելու նպատակով: Քադաֆիի դիվանագետները, Քլինթոնի տվյալներով, ուղևորվել են աֆրիկյան երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա: Ըստ նրա` այս առաքելությունը Քադաֆիի համար այլ երկրում ապաստան գտնելու միտում ունի:
Նշենք, որ երեկ Քադաֆիի կողմնակիցների դեմ պայքար մղող կոալիցիոն ուժերին է միացել նաև Թուրքիան: Պաշտոնական Անկարան համաձայնել է ժամանակավորապես ԱՄՆ-ի շահերը ներկայացնել Լիբիայում: