Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Մոլոկանների այգում ապրիլի 1-ին` ժամը 15:00-ից 16:00-ն, ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստները պատրաստվում են «Կարդացեք թերթեր» անունը կրող ակցիա անցկացնել: Այս մասին հայտարարվել է Facebook սոցիալական ցանցում ստեղծված էջում:
Ինչպես պատմել է Բաքվի մեր աղբյուրը, ակտիվիստներն ազատ են կարդալ այն թերթերը, որոնք ցանկանում են, բայց կարծիք է հայտնել, որ հիմնականում կարդացվելու են ընդդիմադիր ուղղվածություն ունեցող «Մուսավաթ», «Ադրբեջան» և «Ազադլիգ» թերթերը:
«Ակցիայի նպատակն է մարդկանց խրախուսել կարդալ թերթեր, որոնցում շատ ավելի մանրամասն տեղեկատվություն կա երկրի մասին, քան հեռուստատեսությամբ»,- փոխանցել է մեր զրուցակիցը:
Նշենք, որ ակցիան տևելու է մեկ ժամ, որի ընթացքում երիտասարդները այգում թերթերը կկարդան բարձրաձայն:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Երևանի կենտրոնում նման ակցիաներ էին անցկացնում ընդդիմության երիտասարդ համակիրները: