Որևէ պայմանավորվածություն և գործարք իշխանության ու ընդդիմության միջև գոյություն չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, բլոգեր Սուրեն Սուրենյանցը:
«Ես այդ կարծիքը (ընդդիմության և իշխանության պայմանավորվածության մասին-խմբ.) չեմ կիսում: Դա շատ մակերեսային վերլուծություն է: Այս պահին ուղղակի կա ընդդիմության և իշխանության գործողությունների ներդաշնակություն»,- ասել է Սուրենյանցը:
Քաղաքագետը, այնուամենայնիվ, նշել է, որ ընդդիմության և իշխանության դիրքորոշումներում փոփոխություն է տեղի ունեցել:
«Մեր ներքաղաքական կյանքում որոշակի փոփոխություն տեղի ունեցել է: Փոփոխությունների ազդանշանի մասին կարելի է ենթադրել Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան ելույթից: Գոնե վերջին 10 տարվա Հայաստանի պատմության մեջ, ես չեմ հիշում, որ Հայաստանի նախագահն այդքան հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերեր ընդդիմության մասին խոսելիս: Իհարկե, սա բնավ չի նշանակում, որ իշխանության որակը փոխվել է: Սա խոսում է որոշակի տեսական միտումի առկայության մասին: Պետք է ասել, որ ընդդիմությունը նույնպես իր վերջին հանրահավաքում որոշակիորեն փոխել էր իր շեշտադրումները: Համենայնդեպս, ընդդիմության գլխավոր դերակատար նախագահ Տեր-Պետրոսյանի մարտի 17-ի ելույթներում արտահերթ ընտրությունների գաղափարը, ըստ էության, 2-րդ պլան էր մղված»,- նշել է Սուրենյանցը` հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարզ հասկացրեց, որ առյաժմ Կոնգրեսը իշխանությանը փակուղային վիճակում դնելու ցանկություն չունի:
Քաղաքագետի կարծիքով` ստեղծվել է մի տակտիկական վիճակ, որտեղ իշխանության և ընդդիմության շահերը համընկնում են և, եթե սա հանգեցներ երկխոսության, շատ լավ կլիներ:
Սուրենյանցը կարծիք է հայտնել, որ երկխոսություն սկսելը, առաջին հերթին, կախված է իշխանություններից, և, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, ապա իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կարող են ընթանալ ամենաբարձր մակարդակով:
«Ենթադրում եմ, որ առաջիկա օրերին մինչև ՀԱԿ հաջորդ հանրահավաքը որոշակի հստակեցումներ այս հարցի շուրջ կլինեն: Պետք է մի բան հասկանանք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հստակ հասկացավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմությանը կուլ տալ չի կարող, չի կարող նրա գործոնը չեզոքացնել առաջիկա ընտրություններում: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, իր հերթին, հասկացավ, որ գրեթե բացառված է արտահերթ ընտրությունների հնարավորությունը»,- ասել է Սուրեն Սուրենյանցը: