Home / Հայաստան / ՀԱԿ-ի ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանի որոշումը որակել է որպես «բոքս խաղալ»

ՀԱԿ-ի ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանի որոշումը որակել է որպես «բոքս խաղալ»

Մարտի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսն ապրիլի 8-ին ժամը 17.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան:

Երեկ Երևանի քաղաքապետարանը մերժել է ՀԱԿ-ի դիմումը հետևյալ հիմնավորմամբ` նշված  և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով ընդունվել են ի գիտություն։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի  հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն:

Epress.am-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսից քննարկման մասնակից Վահագն Խաչատրյանն նշել է, որ ինքը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանին հայտարարել է, որ վերջինս քաղաքական պատվեր է  կատարում, քանի որ նման որոշումն օրենքով չէ պայմանավորված: Խաչատրյանի խոսքով`  քաղաքական պատվերի իմաստն այն է,  որ Ազատության հրապարակում թույլ չտալ հանրահավաքներ :

«Սա նշանակում է, որ իրենք` իշխանությունները, օրենքից դուրս են իրենց համարում: Այստեղ պատասխանը մենք պիտի տանք, մենք մեզ օրենքից դուրս համարում ենք թե ոչ: Օրենքին հակառակ գործողություն մենք չենք անում, մենք օրենքով ենք շարժվում: Մեր դիմաց կանգնած է  մի մարդ, որ այն, ինչ Տեր-Պետրոսյանն էր ասում` «մենք շախմատ ենք խաղում», ինքը սկսում է բոքս խաղալ: Այստեղ հիմա դու պետք է որոշես` արժի՞ իր հետ կռիվ անես, թե պետք է քո քայլերը անես»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Նա նաև նշել է, որ  քանի որ ինքն առաջին անգամ էր մասնակցում նման քննարկման, հիմա հասկացավ նաև այն մարդկանց, ովքեր նախկինում էլ էին մասնակցել:

«Իրականում շատ տհաճ իրավիճակի մեջ են դնում մեր նման մարդկանց` ի նկատի ունեմ մարդկանց, որ օրենքով են շարժվում: Ուղղակի մեզ ստիպում են, որ մենք օրենքից դուրս գանք, իրենց նման լինենք, բայց մենք իրենց նման չենք լինի, ոչ իշխանության ժամանակ, ոչ էլ հիմա»,- հավելել է Վահագն Խաչատրյանը: