Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի նախագահ Իգոր Մակարովը hամաձայնագիր են ստորագրել Երևանի քաղաքապետարանի և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի միջև համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ այս համաձայնագիրը փոխշահավետ գործակցության նոր սկիզբ է դնում. «Մեր համոզմամբ, մայրաքաղաքում ներդրումային դաշտը բավական մեծ է: Կան ոլորտներ, որտեղ կարելի է իսկապես շահավետ ներդրումներ կատարել»,- ասել է քաղաքապետը:
«Մեզ համար մեծ պատիվ է Երևանում գտնվել ու ներդրումներ կատարել քաղաքի զարգացման գործում»,- ընդգծել է Մակարովը:
Գնահատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային առաջարկը` Մակարովը նշել է, որ այն երկարաժամկետ ու հեռանկարային համագործակցություն է խոստանում:
Մասնավորապես, որոշակի փոփոխություններ են ակնկալվում մայրաքաղաքի սպորտային կյանքում: Որպես ՌԴ հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ և նույն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ` Մակարովը Կարեն Կարապետյանի հետ այցելել են կառուցվող նոր հեծանվահրապարակ, քննարկել են միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա այս ոլորտում միջազգային բարձր կարգ ապահովել և համաշխարհային մակարդակի մրցումներ անցկացնել:
Ըստ ստորագրված համաձայնագրի, «ԻՏԵՐԱՆ» պարտավորվում է 2011-2016թթ. մայրաքաղաքում ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, առևտրի և հանրային սպասարկման, այգիների, կանաչ տարածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում։
Նախատեսվում է մինչև 2016թ. մայրաքաղաքում կառուցել նոր բազմաֆունկցիոնալ կենտրոն և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ հյուրանոց։ «ԻՏԵՐԱ»-ն կիրականացնի նաև «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրի կառուցումն ու մի շարք այլ նախագծեր։
Ծրագրերի ժամկետների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի առաջիկայում` բիզնես պլանների հաստատումից հետո։