Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի համախոհներն ու հակառակորդները խմբվել են դատարանի առջև, որտեղ քննվում էր նախագահի անունը բոլոր կառավարական ինստիտուտների փաստաթղթերից վերացնելու հարցը, հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանությունը և դատարանի պաշտոնատար անձինք պատմել են, որ Հոսնի Մուբարաքի համախոհներից մոտ 200 հոգի նախագահի պատկերով պաստառներ են բերել դատարանի դիմաց: Այնտեղ հավաքվել են նաև Մուբարաքի շուրջ 300 հակառակորդներ: Երկու կողմերը սկսել են քարեր և ջրով շշեր նետել միմյանց ուղղությամբ նախքան ոստիկանությունն ու զինվորները կհասցնեին միջամտել:
Մի շարք պաշտոնատար անձինք հաղորդել են, որ որոշ մարդիկ վնասվածքներ են ստացել, թեև ոչ լուրջ բնույթի:
Մուբարաքի աջակիցները ասում են, որ Մուբարաքը Իսրայելի հետ 1973 թվականին տեղի ունեցած պատերազմի հերոս է և հարգանքի է արժանի: Հակառակորդներն էլ, ընդհակառակը, մեղադրում են Մուբարաքին քաղաքական բռնաճնշումների և կոռուպցիայի մեջ:
Դատական նիստը հետաձգվել է մինչև ապրիլի 14-ը: