Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի բացառել այն, որ ապրիլի 8-ին Հայ Ազգային Կոնգրեսին թույլ կտան մտնել Ազատության հրապարակ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Epress.am-ի կողմից Ներսես Նազարյանին տրված հարցն այն մասին, թե ինչով էր պայմանավորված մարտի 17-ին ՀԱԿ-ին Ազատության հրապարակ մտնել չարգելելու փաստը, այն պարագայում, երբ քաղաքապետարանը արգելել էր այնտեղ հանրահավաք անցկացնել, ինչպես նաև կար նախապես նշված երթուղի, Ներսես Նազարյանը նշել է, որ իրենց համար նույնպես անակնկալ էր Ազատության հրապարակ մտնելու Կոնգրեսի մտադրությունը:
«Պարզ ասեմ ձեզ, երբ վերևում բանակցությունների ժամանակ փողոցը փակելու համար մենք ինչ-որ տեղ զիջման գնացինք, դա իրենց մեջ երևի առաջացրեց կարծիք, որ եթե սա զիջել են, ապա նա էլ կզիջեն: Ինձ թվում ա դրդապատճառը դա հանդիսացավ, որ գնան Ազատության հրապարակ»,- մեկնաբանել է Նազարյանը:
Նա նշել է, որ ՀԱԿ-ը մարտի 17-ին վերահսկում էր իր հանրահավաքի մասնակիցների գործողությունները, կարգապահություն էր պահպանվում, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել թույլ տալ նրանց մուտքը դեպի Ազատության հրապարակ:
Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ապրիլի 8-ին ՀԱԿ-ի նման կարգապահության պահպանման դեպքում ոստիկանությունը կրկին չարգելի նրանց մուտքը Ազատության հրապարակ, Նազարյանը ժպտալով ասել է.
«Տեղում կտեսնենք, իմ ժպիտը պետք չի վերածել այլ բանի, թողնենք տեղում կտեսնենք ոնց ա»: