ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան` մարտի 26-ին` ժամը 20:30-ից մինչ 21:30-ը անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու «Երկրի ժամ»-ը: Լույսերի մեկ ժամով անջատելը շրջակա միջավայրի պաշտպանության գործում դրական փոփոխության կբերի:
Անցյալ տարի 128 երկրների միլիոնավոր քաղաքացիներ մասնակցեցին այս նախաձեռնությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենալայնածավալ քարոզարշավներից մեկը:
«Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:
«Երկրի ժամ»-ը նախաձեռնությունը մեկնարկել է 2007-ին Սիդնեյում և Ավստրալիայում: Նախաձեռնության շրջանակներում 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»-ը դարձավ համընդհանուր ճանաչում ունեցող կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներում:
Այս տարի Հայաստանում այս նախաձեռնությանը միացել է նաև «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը և մի շարք անհատներ:
Ըստ ավանդույթի, լույսերն անջատում են մարտի 26-ին` ժամը 20:30-ին: Միջոցառումը սկսվում է գարնանային գիշերահավասարից անմիջապես հետո , քանի որ թե հյուսիսային և թե հարավային կիսագնդերում 20:30-ին արդեն մութ է լինում: