Ռուսաստանյան մշակույթի գործիչները որոշել են «Արթ-Կովկաս»-«Մեծ Կովկաս» նախագծի շրջանակներում միավորել Կովկասի արվեստագետներին:
Նախագիծն ուղղված է Կովկասի տարածաշրջանում ընթացիկ գեղարվեստական գործընթացների և մշակույթի զարգացման հիմնական միտումների ճանաչմանը:
Նախագծի շրջանակներում ներկայացված կլինեն Հայաստանի, Ադրբեջանի, Չեչնյայի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսիայի, Դաղստանի, Վրաստանի և Աբխազիայի գեղանկարիչների աշխատանքները:
Պերմի Պետական Պատկերասրահում կներկայացվի հայ գեղանկարչուհի Գայանե Խաչատուրյանի անհատական ցուցահանդեսը:
Միջոցառման կազմակերպիչներն են Պերմի շրջանի մշակույթի նախարարությունը, Պերմի ժամանակակից արվեստի թանգարանը, թանգարանի տնօրեն Մարատ Գելմանը, Գայանե Խաչատուրյանի Միջազգային Հիմնադրամը, հիմնադրամի տնօրեն Վալերի Խանուկաևը: Նախագծի համադրողներն են ռուսաստանցի մշակութաբան Վիտալի Պացյուկովը, և ցուցահանդեսային նախագծերի նախաձեռնող Իրինա Յաշկովան:
«Ի՞նչ մտքեր են ձեզ մոտ առաջանում, երբ լսում եք Կովկասի ժամանակակից մշակույթ հիշատակումը: Բոլորը կանգ են առել «Միմինո» ֆիլմի ժամանակաշրջանում:«Արթ Կովկասը» այս հարցում բացթողումների լրացման միտում ունի: Մեր նշանաբաններն են` «Ողջ իշխանությունը Արարչին», և` «Կովկասի կյանքը` նկարչի աչքերով»»,- Պերմի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մարատ Գելմանի խոսքերն է փոխանցում Новостник.ru-ն: