Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Ազգային Ժողովի պատգամավորները: Նրանց թվում էին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Սամվել Բալասանյանը, «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչներ Վահան Հովհաննեսյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Արա Նռանյանը, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Օրինաց երկիր» կուսակցություն ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնագահ Գալուստ Սահակյանը:
Նրանք զրուցել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և հորդորել նրան դադարեցնել հացադուլը: Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության մյուս պատգամավորների հետ զրույցում ասել է.
«Ինչի՞ չեք գալիս Ազգային Ժողով, կարոտել ենք ձեզ, անհանգստանում ենք Րաֆֆիի առողջության համար: Իմ կարծիքով շատ ավելի արդյունավետ կլինի ձեր հնարավորություններն օգտագործել Ազգային Ժողովում: Ես դեմ չեմ, որ մեր երկրում կան խնդիրներ, և շատ ճիշտ կլիներ, որպեսզի դա քննարկեինք ԱԺ ամբիոնից»: