Յեմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը ուրբաթ` մարտի 25-ին, ելույթով է հանդես եկել իր ժողովրդի առջև, որի ընթացքում հայտարարել է այն մասին, որ չի պատրաստվում հրաժարական տալ. հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն:
«Մեզ ոչ մի փոթորիկ չի սասանի, մենք ծնկի չենք գա, մենք արտասահմանյան ԶԼՄ-ների դավադրության զոհը չենք դառնա»,- հայտարարել է Սալեհը:
Նախագահը միաժամանակ նշել է, որ իր իշխանության դեմ իրականացվող ցույցերը կազմակերպվել են թմրանյութեր վաճառողների և ընդդիմադիրների կողմից, որոնք երազում են քաոսի, արյունահեղության և երկրի մասնատման մասին:
Միաժամանակ Սալեհը դիմել է իր «եղբայրներին»`հակառավարական ցույցերի երիտասարդ մասնակիցներին` առաջարկելով բանակացություններ սկսել և փոխզիջումների գնալ:
«Մենք չենք կառչում իշխանությունից և պատրաստ ենք այն փոխանցել մեկ այլ ուժի, բայց միայն այն դեպքում, երբ վստահ լինենք, որ իշխանությունը գտնվելու է պատասխանատու և ոչ թե կեղտոտ ձեռքերում»:
Իր ելույթը եզրափակելով` Յեմենի նախագահը հույս է հայտնել, որ մարտի 25-ը կդառնա «խաղաղության և փոխադարձ հարգանքի» օր:
Նախագահին ելույթին հետևող հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվել էին Սանայի համալսարանի հրապարակում և Սալեհի հրաժարականի մասին հայտարարության էին սպասում, վրդովմունքով են ընդունել նախագահի այս ելույթը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Յեմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը նշել էր, որ պատրաստ է հրաժարական տալ 2011-ի վերջին` նախագահական նոր ընտրություններից 2 տարի շուտ: Սակայն ժողովուրդը համաձայն չէ այս տարբերակին և շարունակում է պահանջել Սալեհի ռեժիմի տապալումը:
Նշենք, որ Երկրում իրավիճակր ավելի է սրվել համալսարանական հրապարակում տեղի ունեցած ուրբաթօրյա գնդակահարություններից հետո: Մահացել է 52 մարդ, որոնց գերակշիռ մասը ուսանողներ էին: