Վաղը` մարտի 26-ին, Եվրո-2012 ֆուտբոլային առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանն ընդառաջ ոստիկանությունը բացառիկ միջոցառումներ է ձեռնարկելու:
«Խաղը, իսկապես, տոն է լինելու: Ռուսաստանից ժամանել են մոտ 1500 երկրպագուներ, սակայն Ռուսաստանի իրավապահների հետ ամենօրյա համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել իրավիճակը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
«Մենք պետք է թույլ չտանք, որ ֆուտբոլային այս տոնը այլ բանի վերածվի: Շատ խիստ միջոցառումներ են իրականացվելու կարգը պահպանելու համար, բացառիկ միջոցառումներ, նույնիսկ այնպիսին, որ չեն իրականացվել Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ: Փորձելու ենք այնպես անել, որ երկու կողմերի երկրպագուների միջև շփում չլինի: Եթե կարգը չխախտեն, ինչպես ուզում են թող երկրպագեն: Ես անձամբ այնտեղ եմ լինելու, և վստահ եմ, որ մենք միանշանակ հաղթելու ենք»,- ասել է ոստիկանապետը:
Նա նշել է, որ Ազնավուրի հրապարակում նախատեսված է մեծ էկրան տեղադրել, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան դիտել խաղը:
Epress.am-ի այն հարցին` արդյոք համապատասխանում է իրականությանը ռուսական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ մարզադաշտ մտնելուց առաջ միայն ռուս երկրպագուների սթափությունն է ստուգվելու, Նազարյանը նշել է.
«Համապատասխան սարք կա, որով անցնելու են անխտիր բոլոր երկրպագուները: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում երկրպագուներին խստորեն պահպանել հասարակական կարգը»: