Երեկ «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի «Ներքաղաքական իրավիճակի գնահատականները և զարգացման հեռանկարները» թեմայով քննարկմանը մասնակցել է ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին: Արզումանյանը նշել է, որ Կոնգրեսն իրեն տեղադրեց մրցակցային դաշտ, և բաց թողեց համախամբման երկու առիթ. երբ Հովհաննիսյանը եկավ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքի, և երկրորդը՝ երբ նա հացադուլ սկսեց Ազատության հրապարակում:
Բանախոսի կարծիքով` ցուցաբերած նման քաղաքական տրամաբանությունը ընդունելի կլիներ, եթե «մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին, և անտրամաբանական է արտահերթի պահանջի պարագայում»:
«Եթե ՀԱԿ-ի ռազմավարությունը հերթական ընտրություններում խորհրդարանական տեղեր նվաճելն է, դա ինքնին հասկանալի է, բայց դրա մասին հարկավոր էր հանրությանն ազնիվ ասել: Հնարավոր ինչ-ինչ պայմանավորվածությունները իշխանության հետ նույնպես ընդունելի են այն դեպքում, երբ դրանց մասին հայտարարվում է: Բոլոր քաղաքական գործընթացները պետք է թափանցիկ լինեն: Ու եթե մենք փոխում ենք հանրահավաքների ֆորմատը, այն դարձնում համաժողովրդական ֆորում՝ ուրեմն պետք է ձայն տրամադրենք հասարակությանը, տարբեր դիրքորոշման տեր մարդկանց: Հասարակությունը իրավունք ունի լիդերին հարցեր ուղղել ու պատասխաններ պահանջել: Քաղաքացիական նախաձեռնության դիսկուրսը չի կայանա, եթե չծավալվի բաց, ազնիվ բանավեճը», – ասել է Արզումանյանը:
Մասնակիցների այն հարցին, թե ինչու Կոնգրեսի մյուս ներկայացուցիչների Րաֆֆի Հովհաննիսյանին այցելությունները չդիտարկվեցին իբրև Կոնգրեսի աջակցություն, Արզումանյանը պատասխանեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ի վերջո, խորհրդանշում ՀԱԿ-ը:
Այն հարցին, թե արդյոք ծոմի ու քաղաքական հացադուլի մեջ չկա տարբերություն, և ի վերջո դրանցից ո՞րն է Հովհաննիսյանի ձեռնարկածը, բանախոսը պատասխանել է, որ «Ժառանգության» առաջնորդը, կրթվելով ԱՄՆ-ում, սովոր է այդ երկուսին էլ «ծոմ» անվանել, ինչպես որ դա ընդունված է անգլախոս ավանդույթում, և որ պասի շրջանի հետ այդ հացադուլի համընկումը պատահական էր: Ըստ Արզումանյանի՝ դա իսկական քաղաքական հացադուլ է և ոչ թե կրոնական ծոմ:
Անդրադառնալով հնարավոր ապագա զարգացումներին՝ բանախոսը ընդգծել է, որ հիմա աշխարհքաղաքական մթնոլորտը իշխանափոխության համար շատ ավելի նպաստավոր է, քան երեք տարի առաջ, քանի որ այսօր աշխարհում ոչ մի իշխանություն չի հանդգնի գնալ քաղաքացիների անհնազանդությունը ուժով ճնշելուն, և որ դեռ շարունակվում է դրական դիտվել արաբական երկների օրինակը, ինչը, սակայն, կարճ ժամանակում կարող է հակառակի վերածվել, եթե Եգիպտոսում զարգացումները ընդունեն անբարենպաստ ընթացք:
«Ընդդիմության բարոյականությունը հենց նրանում է, որ նա ազատ է իր խոսքում, գնահատականում և չի կրում զսպվածության այն պահանջը, որին պետք է ենթարկվեն պետական մարմինները, արտաքին քաղաքականության դեպքերը գնահատելիս», – հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարարը:
Նա ընդգծել է նաև, որ ոչ մի պատճառ չունի կասկածելու, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է իրականացնել իշխանափոխության և արմատական փոփոխությունների ծրագիրը, և վստահում է նրան, խոսքը գնում է միայն ՀԱԿ-ում որոշումներ ընդունելու թափանցիկության և հասարակական իրական ներգրավվածության մթնոլորտի ստեծման մասին:
Տեքստը տրամադրեց՝ Արա Նեդոլյանը