Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի 5 խաղում 8 միավոր վաստակելով, 9 գնդակ խփելով և 4 բաց թողնելով՝ իր պատմության ընթացքում լավագույն մրցաշրջանն է անցկացնում: Այս մասին վկայում է Աշխարհի Գավաթների և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի վիճակագրությունը:
Միավորների քանակով լավագույն արդյունքը Հայաստանի հավաքականը ցուցադրել է Եվրո-2008-ի ընտրական փուլում, երբ թիմը ղեկավարում էր նախ շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդը, ապա նրա մահից հետո Թոմ Ջոնսն ու նույն Վարդան Մինասյանը: Այն ժամանակ մեր թիմը 10 խաղում վաստակել էր 9 միավոր, որից 8-ը Պորտերֆիլդի օրոք, մեկը՝ Մինասյան-Ջոնս զույգի գլխավորությամբ: Հաշվի առնելով, որ մեր թիմն այս ընտրական փուլում դեռևս խաղալու է Անդորրայի հավաքականի հետ, որտեղ 3 միավոր ակնկալելն ավելի քան իրական է, մենք կարող ենք նշել, որ այս փուլը Հայաստանի հավաքականի համար լավագույնը կարող է լինել: Իհարկե, հայ երկրպագուի միավորների ակնկալիքները կապված են ոչ միայն Անդորրայի ընտրանու հետ խաղի, այլ նաև բոլոր մյուս հանդիպումների հետ:
Այն, որ այս փուլն ամենահաջողն է մեր թիմի համար, ապացուցում է նաև խփած գնդակների քանակը: Հայաստանի հավաքականն իր պատմության ընթացքում մեկ ընտրական փուլում 9 գնդակ խփել է միայն 2006 թվականի Աշխարհի գավաթի ժամանակ, այսօր այդ ցուցանիշն արդեն կրկնվել է: Բաց թողած գնդակների քանակն էլ ավելի պատկառելի արդյունք կարելի է համարել. մեր ընտրանին մեկ ընտրական փուլում նվազագույնը բաց է թողել 13 գնդակ, ներկա ընտրական փուլում՝ 4 գոլ 5 խաղում:
Ի դեպ, խփած գնդակների թվով Վարդան Մինասյանն ամենահաջողակ մարզիչն է հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում: Մինասյանը 2009 թվականից գլխավորում է հավաքականը որպես մարզչի պաշտոնակատար, իսկ այնուհետև գլխավոր մարզիչ: Այդ ընթացքում Հայաստանի հավաքականը խփել է 19 գնդակ. նման ցուցանիշ չի ունեցել և ոչ մի մարզիչ: Հիշեցնենք, որ 2007 թվականի ընթացքում, երբ Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը Թոմ Ջոնսի հետ, Հայաստանի հավաքականը ևս երկու գնդակ էր խփել:
Լուսանկարը՝ AP-ի