Երեկ «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը և ընդդիմության դաշտում գրանցվող իրադարձությունները:
Արվեստագետ Արման Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր տարբեր ուժերի միավորման կարիքը չկա, ընդհակառակը, պետք է ստեղծվեն տարբեր հարթակներ, հրապարակներ Հայաստանի տարբեր բնակավայրերում, քաղաքական ակտիվությունը պետք է գնա դեպի լայն և առաջացնի տարբեր բնույթի ինքնուրույն քաղաքական միավորներ, դա ավելի լավ է, քան մեկ կուռ կառույց:
Արվեստագետ Կարեն Անդրեասյանը նշել է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը միակն է, ով քաղաքական դաշտ բերում է տեքստ, որը դիմացինին նպաստում է կոմունիկացիոն դաշտ մտնել, ձևակերպել իր ցանկությունները քաղաքական լեզվով և դրանով իսկ ինքնասահմանվել, մինչդեռ մյուս ընդդիմադիր գործիչների արաքները գտնվում են ընդհամենը պատկերային-սիմվոլիկ դաշտում, որն իր էությամբ իշխանական է, և որում գտնվելը օբյեկտիվորեն նպաստում է իշխանությանը:
Թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանն իր համազեկույցում նշել է, որ ՀԱԿ-ՐաՖֆի Հովհաննիսյան տեղ-տեղ լեզվակռվի հասնող բանավեճը խորհրդանշում է մի խորքային՝ քաղաքական ու քաղաքացիական մտածելակերպերի մեջ ճեղքվածք:
«Րաֆֆիի գործողությունը ոչ թե քաղաքական էր, այլ քաղաքացիական, ինչպես նաև՝ մի շարք նոր խմբերի և նախաձեռնությունների մտածելակերպը», – նշել է լրագրող Զառա Հովհաննիսյանը:
Նա հավելել է սակայն, որ քաղաքացիականը կարող է մնալ այդպիսին միայն, երբ գործում է ազատ դատարանների համակարգը, հակառակ դեպքում ոչ-քաղաքական ակտիվության կոչերը նպաստում են միայն ու միայն իշխանությանը:
Արա Նեդոլյանը համարել է, որ նախաձեռնությունը կարող է իրեն քաղաքացիական երևակայել և իր առջև սահմանափակ խնդիր դնել մինչև այն ժամանակ, քանի դեռ չի ճաշակել ոստիկանական մահակը, այսինքն՝ չի հանդիպել անհաղթահարելի խոչընդոտին: Դրանից հետո՝ նա պետք է քաղաքականա, այսինքն՝ պահանջի իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ:
«Մյուս կողմից, քաղաքացիական հասարակությունը պետք է ձևավորվի հենց ՀԱԿ-ի, Շարժման դաշտում, իբրև ապագա ժողովրդավարական զարգացման գրավական, և դրա համար, քաղաքական կառույցներին զուգահեռ /Քաղաքական Խորհրդին/ ՀԱԿ-ում պետք է ձևավորվի նաև Քաղաքացիական Խորհուրդ», – կարծիք է հայտնել Արա Նեդոլյանը:
Ըստ նրա, ոչ մի անհաղթահարելի արգելք ՀԱԿ-ի կողմից այստեղ չի դրվում, պարզապես՝ քաղաքացիական նախաձեռնությունները պետք է իրենք ձգտեն սերտ համագործակցեն Կոնգրեսի հետ և, եթե հարկն է, պարտադրեն նրան երկխոսություն, և ոչ թե ձգտեն իրենց վրա հասարակական ուշադրություն դարձնեն:
Անդրադարնալով զարգացման հեռանկարներին` Նեդոլյանը նշել է, որ համաձայնությունը իշխանությունների հետ, այն դեպքում, եթե նա նախատեսում է իրական բարեփոխումների փաթեթ, նույնպես իշխանափոխության ձևերից մեկն է, քանի որ ներկայիս իշխանությունը իրենից ներկայացնում է շատ անկայուն, ազատության աստիճաններ չունեցող կառույց, և եթե իրեն պարտադրվում է ասել Ա, նա, ինքնաբերաբար, հանգամանքների բերումով, սկսում է ասել Բ, Գ և այդպես՝ մինչև իշխանափոխություն, քանի որ իրական քայլերի դիմելով, կորցնում է իր ներքին կառուցվածքը, հենքերը:
Նեդոլյանը կարծիք է հայտնել, որ նախորդ երկու իշխանափոխություններն էլ՝ կոմկուսի և Տեր-Պետրոսյանի իշխանություն կորցնելը՝ պայմանավորված էին հենց այդպիսի սկզբնական քայլեր անելով հասարակության և ընդդիմության ճնշման տակ (երկրորդ դեպքում Նեդոլյանը այդպիսի անդառնալի քայլ համարեց Վանո Սիրադեղյանի հրաժարականը ՆԳ նախարարաի պաշտոնից):