Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես են կառուցվում քաղաքային իշխանությունների և ընդդիմության հարաբերությունները բացօթյա ակցիաների համատեքստում`հաշվի առնելով այն, որ ընդդիմությունը առաջիկա հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու թույլտվություն չի ստացել:
Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում ընդդիմությունը հանրահավաք անցկացնելու իրավունք ստացել է, պարզապես ոչ իր ուզած վայրում, այլ դրանից 500-700 մետր հեռավորության վրա գտնվող մեկ այլ հատվածում: Ես կարծում եմ, որ ոչ մի երկրում չկա նման պայման, որ ընդդիմության հանրահավաքը անպայման պետք է տեղի ունենա հենց կենտրոնական հրապարակում:
Ես քաղաքական գործիչ չեմ, ես հնարավորինս հեռու եմ փորձում մնալ քաղաքականությունից: Մենք աշխատում ենք և ցանկանում ենք, որ մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ապահովվեն` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից:
Այս պաշտոնը ստանձնելու համար իմ թեկնածությունն առաջարկել է Հանրապետական Կուսակցությունը: Եվ, բնականաբար, որպես երաշխավորված մենեջեր, պատասխանատու եմ նրանց առջև: Սակայն չեմ կարող ասել, որ իմ թեկնածությունը քաղաքապետի պաշտոնին առաջադրելու ընթացքում Հանրապետական Կուսակցությունը որևէ կուսակցական կարգադրություններ է տվել ինձ: Ինձ միայն կարգադրել են առավելագույնս հարմարավետ միջավայր ստեղծել քաղաքում:
Մենք իրականում խոսելու հնարավորություն ենք տալիս բոլորին: Միգուցե, ոչ այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են. բայց միևնույն տարածքը մենք ուրիշներին նույնպես չենք տրամադրում: Եվ արևմտյան երկրների դեսպանների հետ քննարկումների ժամանակ մենք դա նշում ենք: Օրինակ Վաշինգտոնում կամ Բրյուսելում ընդդիմությանը կենտրոնական հրապարակում տեղ տա՞լիս են, եթե դա որևէ անհանգստություն է պատճառում իրենց քաղաքացիներին` ոչ: Բայց երբ մեզ մոտ տեղ չեն տալիս, ասում են` խոսքի ազատություն չկա»,-եզրափակել է Կարապետյանը: