Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շուտով կգործարկվի միասնական տեղեկատվական համակարգ, որի միջոցով էլ կկարգավորվեն կենսաթոշակառուների վերաբերյալ տեղեկությունները։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կառավարության մամուլի կենտրոնում այս մասին տեղեկացրել է նախարար Արթուր Գրիգորյանը։
«Տեղեկություններ կստանանք նաև մեկ այլ բազայից, որից կճշտվի քաղաքացու տեղաշարժը հանրապետութունում և դրանից դուրս», – նշել է նախարարը` ավելացնելով, որ համակարգը բացառելու է պաշտոնյայի կողմից հնարավոր որևէ միջամտություն։
Արթուր Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ եթե լինեն դեպքեր, որ կենսաթոշակառուն մահացած է, բայց տեղի է ունեցել վճարում, ապա վճարող մարմինը տեղեկությունը ստանալուց հետո պարտավոր կլինի դիմել իրավապահ մարմիններին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շուտով ՀՀ կառավարություն պետք է ներկայացնի 2010թ. դեկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընդունված կենսաթոշակային բարեփոխումների փաթեթում ներառված 49 օրենքների բոլոր ենթաօրենսդրական ակտերը, որոնք նախատեսվում է, որ կգործեն այս տարվա ապրիլից։ Այս առումով նախարարը հույս է հայտնել, որ իրականացված լուրջ աշխատանքները հնարավորություն կտան մի շարք խնդիրներ կարգավորել։
Այդ բարեփոխումների շրջանակում Արթուր Գրիգորյանը հատկապես կարևորել է զինվորական կենսաթոշակ ստացող անձանց տրվող հավելումների ու դրամական տարբեր օգնությունների փոխարեն տրվող միասնական օժանդակությունը, որն էլ կիրականացնի մեկ մարմին։