Սիրիայի իշխանություններն անվտանգության ուժեր են մտցրել միջերկրածովյան նավահանգստային Լաթակիա քաղաք, այն բանից հետո, երբ բարեփոխումներ պահանջող ցուցարարների և ուժայինների միջև բախումների արդյունքում 12 մարդ է զոհվել և ավելի քան 150-ը` վիրավորվել, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Զորքերը վերահսկում են Լաթակիա քաղաքի փողոցները: Սիրիական «Սանա» գործակալությունն ավելի վաղ հայտնում էր, որ զինված ուժերը տեղակայված են քաղաքի մի շարք թաղամասերի հաստատությունների տանիքներում և այնտեղից կրակ են արձակում անցորդների ուղղությամբ»:
Տասնյակ ցուցարարներ սպանվել են նմանատիպ բախումների ընթացքում երկրի տարբեր քաղաքներում և գյուղերում, այդ թվում `Դերա և Սանամին քաղաքներում:
Փորձելով խուսափել արաբական այլ երկրներում տեղի ունեցած սցենարից` նախագահ Բաշար Ասադը հայտարարել է արմատական բարեփոխումների անցկացման մասին և ազատ է արձակել մի քանի հարյուր քաղբանտարկյալների, գրում է «Կոմերսանտը»:
Իշխանությունները հայտարարել են նաև Արտակարգ Իրավիճակի վերացման մասին: Այս պահանջը քաղաքական ազատություններ պահանջող ցուցարարների հիմնական ցանկությունն էր:
Նշենք, որ երկրում Արտակարգ Իրավիճակ է տիրում 1963 թվականից ի վեր, երբ, «Բաաթ» կուսակցությունն իշխանության եկավ: