Մոսկվայում քննարկել են Վրաստանի` մեծամասամբ հայերով բնակեցված Ջավախքի շրջանի և «Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության փոխազդեցության և համագործակցության հարցերը:
Քննարկումը տեղի է ունեցել Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության կազմակերպման Համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացուցչությունում:
Միջոցառումը կազմակերպվել էր Ռուսաստանի ազգային միությունների Կոնգրեսի հովանավորության ներքո:
Համակարգող խորհրդի ներկայացուցիչ Աղասի Արաբյանը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս քաղաքական վերնախավը, Ջավախքի իրավիճակը ներկայացնելիս, հաճախ դիմում է «հայերի անջատողական քաղաքականության վերաբերյալ պարզունակ մեղադրանքներին և Վրաստանից այդ տարածքը խլելու հայերի մտադրության մասին հայտարարություններին»:
«Բացի դա, մի շարք ԶԼՄ-ներում նկատվում է ապատեղեկատվության բաց քարոզարշավ: Սակայն Ջավախքի հայերն ընդամենը հավասար իրավունքներ են պահանջում Վրաստանից, որը միանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական հռչակագրին»,- հաղորդում է GeorgiaTimes-ը:
Ըստ Արաբյանի` տարածաշրջանի հայերին մտահոգող առավել կարևոր հարցերից է, օրինակ, Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հաստատումը վրացական թեմի կողմից, քաղբանտարկյալների ազատ արձակումը (պահանջում են, օրինակ, ազատ արձակել հասարակական և քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին), Ջավախքի դպրոցներում հայերենի դասավանդման վերաբերյալ հարցերի կարգավորումը:
Հանդիպման ընթացքում հնչեցրած իր ելույթի ժամանակ «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է Ջավախքի հայերին աջակցություն ցուցաբերել: Նա նաև խոստացել է, որ ապրիլին կայանալիք Վրաստանի քաղբանտարկյալների հարցերով հանձնաժողովի նիստին իր կուսակցությունը բարձրացնելու է Վահագն Չախալյանի` որպես «Խղճի կալանավորի» ճանաչման հարցը, և ամեն ինչ անելու է նրա ազատ արձակման համար: