Home / Հայաստան / Փամուկին ստիպեցին վճարել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար

Փամուկին ստիպեցին վճարել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար

Գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը 6000 լիրա (մոտ 4000 ԱՄՆ դոլար)  տուգանք կվճարի 2005 թվականին արված այն հայտարարության համար, համաձայն որի «թուրքերը սպանել են 30 հազար քրդերի և 1 միլիոն հայերի սեփական երկրում»: Փամուկն այս վճիռը բողոքարկելու համար 15 օր ունի:

2005 թվականին հայտնի գրողի դեմ հայց էին ներկայացրել 5 ազգայնական գործիչներ: Նրանց թվում էր այն ժամանակ Փաստաբանների ասոցացիայի ղեկավար Քեմալ Քերինզին, ով ներկայումս կալանքի տակ է գտնվում  «Էրգենեկոն»-ի գործով: Ազգայնականները մեղադրում էին Փամուկին «ողջ թուրք ժողովրդին հանցագործության մեջ մեղադրելու» համար: Ստամբուլի Շիշլի վարչական շրջանի դատարանը ի սկզբանե մերժել էր հայցը` վկայակոչելով այն փաստը, որ բողոքողներն ընդամենը մի քանի անհատներ են, և չեն կարող խոսել ողջ թուրք ժողովրդի անունից:

Քերինզին այնուհետև հայց էր ներկայացրել Գերագույն Դատարան, որը որոշել էր չեղյալ համարել Շիշլիի դատարանի վճիռը` պահանջելով վերանայել գործը ևս մեկ անգամ:

Գործը կրկին քննելուց հետո Շիշլիի դատարանը վճռել է, որ Փամուկը պետք է փոխհատուցում վճարի հայցվոր կողմին: