ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանն արդեն տևական ժամանակ է չի այցելում Ազգային Ժողով ու չի մասնակցում օրենսդիր մարմնի աշխատանքներին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Տպավորությունն այնպիսին է, որ Փամբուկյանը պարզապես բոյկոտում է ԱԺ նիստերը, քանի որ առանձնապես համակրանք չունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ: Համենայնդեպս, Փամբուկյանի որոշ գործընկերներ չեն դադարում խոսել այն մասին, թե Փամբուկյանն այդպես էլ չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ Հովիկ Աբրահամյանը դարձել է ԱԺ նախագահ: Թերթի տեղեկություններով, սակայն, Փամբուկյան Հարութը պարզապես Հայաստանում չէ: Նա, կարելի է ասել, բնակություն է հաստատել Գերմանիայում, իսկ Հայաստանում մատների վրա հաշված օրեր է միայն լինում: Խոսակցություններ կան, որ նա պատրաստվում է իր կապիտալն ու բիզնեսը վերջնականապես տեղափոխել Գերմանիա: Ի դեպ` անգամ նրա PR-մենեջերներն են արդեն անցել այլ աշխատանքի: Մասնավորապես նրանցից մեկը նախընտրել է զբաղվել երգչուհի Սիրուշոյի PR-ով»: