Առաջիկա 3 ամիսների ընթացքում թուրքահայ գիտնական, մասնագիտությամբ տնտեսագետ Փարիզ կգնա որպես Թուրքիայի դեսպան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» խորագրի ներքո Ստամբուլում կազմակերպած միջազգային համաժողովի ժամանակ:
Դավութօղլուի խոսքով` նա արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին և նախագահ Գյուլին, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը: Ինչ վերաբերում է նշանակման 3 ամսով հետաձգմանը, դա եղել է հայազգի տնտեսագետի խնդրանքով, որպեսզի ավարտին հասցնի հեղինակային իր գործերից մեկը, հայտնում է «Ազգը»:
«Ու ես հասկանում եմ նրան: Ես էլ եմ եղել նրա վիճակում` ստիպված լինելով իմ անձնական հեղինակային գործերը հետաձգել անորոշ ժամանակով», – ասել է ԱԳ նախարարը:
Դավութօղլուն չի բարձրաձայնել ապագա դեսպանի անունը, սակայն հայտնի է, որ նա նշանավոր MIT համալսարանի դասախոս է, տնտեսագիտական աշխարհին քաջ հայտնի, որ մի քանի անգամ իր կարևոր մասնակցությունն է բերել նաև Թուրքիայի տնտեսությանը վերաբերող միջազգային համաժողովներին:
Պոլսահայերի տեղեկություններով` այդ անձը Տարոն Աջեմօղլուն է, ով IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: