Հանրային Խորհուրդը մեկ տասնյակից ավելի պահանջներ է ներկայացրել Երևանի քաղաքապետին վերջինիս հետ հանդիպման ընթացքում: Այդ հարցերի թվում է, մասնավորապես, բացօթյա առևտրի խնդիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խնդրին անդրադարձել է Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Քաքապետարանի` անցյալ տարվա վերջին բացօթյա առևտուրն արգելելու մասին որոշումն իրավաչափ էր, այն նաև ճիշտ էր հակասանիտարական վիճակի և կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Սակայն խնդիրը բավարար չափով ուսումնասիրված չէր», – ասել է բանախոսը:
Սական, ըստ Հովհաննիսյանի, անտեսվել են սոցիալական վիճակի հետ կապված խնդիրները, տնտեսական վերլուծությունները և խնդրի սոցիալ-հոգեբանական ասպեկտը:
«Ես կուզենայի, որ ուսումնասիրվեր, թե քանի փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի ունենք Երևանում, այս մարդկանց եկամուտներն ինչքան են կազմում միջին ամսեկան կամ օրական կտրվածքով, այդ եկամուտներից ընտանիքի քանի անդամներ են օգտվում, ինչքան են այս քաղաքացիները «հարկեր» վճարում` թաղային մանր ու մեծ հեղինակություններից մինչև պաշտոնական չինովնիկների տարբեր մակարդակները», – պարզաբանել է Հովհաննիսյանը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ հարկերի նվազեցումը կարող է բերել ստվերի նվազեցման:
Հանրային խորհրդի անդամի կարծիքով` մինչև փողոցային առևտրից զրկելն անհրաժեշտ էր լուծել բաց և մինի-շուկաների խնդիրը, այստեղ հրավիրել առևտրականներին` «թեկուզև առաջին մի քանի ամիսների ընթացքում հարկից ազատելու ձևով»:
Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ նաև շահերի բախման խնդրին.
«Երբ քաղաքապետարանին առաջարկվեց իբրև փոխհատուցում նրանց անվճար տեղեր հատկացնել գործող շուկաներում, գիտեք, այսօր մեր շուկաները թերբեռնված են, բայց, պարզվում է, այնտեղ էլ կան սեփականատեր և այստեղ շահերի բախում կա»:
Նրա խոսքերով` ոչ բոլոր շուկաների տերերն են պատրաստ անվճար տեղեր տրամադրել առևտրականներին: Հանրային Խորհրդի անդամը երկու լուծում է տեսնում` կամ շուկաների տերերը պիտի գնան որոշակի զիջումների, կամ քաղաքապետարանը պետք է բացօթյա մինի-շուկաներ ստեղծի:
Նշենք, որ առևտրականները բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքում են հունվարի կեսերից` պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնելով Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության դիմաց: