«Հրապարակ» օրաթերթն անդրադառնում է Հայաստանում իշխող կոալիցիոն ուժերում տեղի ունեցող խմորումներին.
«Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո քննարկվում էր երեք կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ միասնական ցուցակով ընտրությունների գնալու հարցը: Դրան ամենից շատ դեմ էր ԲՀԿ-ն: Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը եկել են համաձայնության, որ ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձին: Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերոջը և ՕԵԿ մի քանի անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ: Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա: Ըստ լուրերի, Պետեկամուտների կոմիտեն կիսելու են և Բաղդասարյանին Մաքսային նախագահ նշանակեն: Հարկայինը կշարունակի գործել Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ովքեր են ՕԵԿ-ից մտնելու ԱԺ: Թերևս հաստատ է միայն Հովհաննես Մարգարյանի հարցը, իսկ, ասենք, Հեղինե Բիշարյանինը դեռ քննարկվում է»: