Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և նրա վրացի գործընկեր Դմիտրի Շաշկինի միջև օրերս Թբիլիսիում ստորագրված համաձայնագրից կշահեն նաև Վրաստանում բնակվող ադրբեջանցիները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի` Վրաստանի հայկական թեքումով դպրոցներում հայերենի դասավանդման ժամերը կավելացվեն` մինչև 7-10 ժամ:
«Դասաժամերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից կշահի նաև ադրբեջանական համայնքը Վրաստանում, քանի որ, եթե հայերենի դասաժամերն են վերականգնվում, վերականգնվում են նաև ադրբեջաներենի դասաժամերը ադրբեջանական դպրոցներում, այսինքն` Ադրբեջանի նախարարը պետք է շնորհակալ լինի վրաց նախարարին և, գուցե, նաև ինձ, որ ես ավելի արագ և շուտ բարձրացրեցի այս խնդիրը»,- ասել է ԿԳ նախարարը:
Աշոտյանը ցավով է փաստել, որ Վրաստանում կայացած Հարավակովկասյան աշակերտական խորհրդարանի մեկնարկի ծրագրին չի մասնակցել ադրբեջանական կողմը` ոչ նախարարի, ոչ էլ աշակերտների մակարդակով:
«Անթույլատրելի է մեծ քաղաքականության մեջ փոքր երեխաների շահագործումը, անթույլատրելի է երիտասարդ սերնդի մոտ ձևավորել հայատյացության, ատելության ֆենոմենը, անթույլատրելի է, երբ աշակերտները դառնում են քաղաքական խաղերի մեջ գործիք, անթույլատրելի է, երբ հայատյացության քաղաքականությունը տարածվում է այն սերնդի վրա, որը վաղը-մյուս օր դատապարտված է մեր կողքին, մեր երեխաների կողքին ապրելու, աշխատելու, մտածելու»,- ասել է նախարարը:
Աշոտյանի խոսքով` ինքը խնդրել է հայ աշակերտներին Վրաստանում «էլի որոնել հնարավորություններ, չկորցնել պահը, որևէ պատեհ առիթով ծանոթանալ և շփվել ադրբեջանցի իրենց հասակակիցների հետ»: