Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստը վարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ապրիլի 8-ի հանրահավաքի նախապատրաստական հարցերը, ընդգծվել է լրջագույն մոբիլիզացիայի անհրաժեշտությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Խոսելով նաև ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող իրադարձոթւոյւնների մասին` ՀԱԿ համակարգողը նշել է.
«Մեր քննադատության թիրախը իշխանություններն են, և մենք այդ գործն անելու ենք մինչև վերջ և զբաղվելու ենք հենց դրանով: Մենք չենք շեղվելու իշխանություններից դուրս որևէ մեկի քննադատելու վրա: Եվ, կարծում եմ, ընդդիմության գործը ընդհանրապես դա պետք է լինի: Եթե որևէ քաղաքական ուժ ընդդիմություն է, կամ իրեն ընդդիմություն է համարում, այն չպետք է զբաղվի Կոնգրեսի քննադատությամբ, իր ժամանակի 90 տոկոսը չպետք է նվիրի Կոնգրեսի քննադատությանը` դրանով ցույց տալով, թե իրականում ինչով է զբաղվում»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը նաև տեղեկացրել է, որ այսօրվանից և Երևանում, և մարզերում բաժանվում են ՀԱԿ-ի թերթոնները, որոնք տեղեկացնում են ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքի մասին: