Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին «Երկիր» օրաթերթը զրուցել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
-Դուք հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական գործընթացի վերսկսումը:
-Ես կարծում եմ, որ երկու երկրների փոխհարաբերությունների գոյությունը արդեն փաստ է: Այդ գործընթացը կարող է վերելքներ, վայրէջքներ ունենալ, ընթանալ բացասական ոգով կամ հույսեր ներշնչել, բայց այն կա: Այլ խնդիր է, թե մենք որքանով ենք պատրաստ առանց միջնորդի հարաբերվել Թուրքիայի հետ: Հայաստանը փաստացի չունի իր կողմից ձևավորված խնդիրների օրակարգ, որի շուրջ նստեր և հստակ խոսեր: Մեզ համար սա ինքնուրույն գործընթաց չէ: Վերջին տարիներին ի հայտ եկած հայ-թուրքական երկխոսությունը գործընթաց է, որը, ըստ էության, օտարների նախաձեռնություն է: Ճիշտ է, այդ գործընթացի սկիզբը հռչակվեց Սերժ Սարգսյանը Մոսկվայում, բայց, այնուամենայնիվ, ես ավելի քան համոզված եմ, որ եթե չլիներ արտաքին նախաձեռնությունները, այն պարզապես չէր լինի:
–Իսկ ո՞րն է պատճառը, որ Հայաստանը մինչ օրս ետ չի կանչել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, չնայած այդ մասին հրապարակով հայտարարել է:
-Դա չի բխում Հայաստանի խորհրդատուների շահերից: Ինքնին այդ գործընթացը Հայաստանին որևէ դրական բան չբերեց: Հայ-թուրքական հարաբերությունները վատթարացման և արդեն թշնամական դարձան առաջին փուլում: Սա իրական արդյունքն է: Թուրքիայի հետ վարվող քաղաքականությունում Հայաստանը պարզապես ամրագրեց իր`օտարականների ձեռքին պատանդ լինելու իրողությունը: Եվ ինչքան էլ փորձեն ասել, որ Հայաստանը իր նախաձեռնությամբ հանդես եկավ և ուզում է բարելավել հարաբերությունները, բայց իրականությունը բոլորովին այլ է. Հայաստանի նախաձեռնությունը պարզապես դժվարացրեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունները մոտակա տարիներին: Այդ հարաբերությունները շտկելու համար անհրաժեշտ է լուրջ մշակված և հավասարակշռված օրակարգ, որը այսօր չկա: Փորձ է արվում խնդիրը լուծել անցյալից հրաժարվելով: Սա մեթոդաբանորեն սխալ է, խնդիրը պետք է կարգավորել ապագան լուծելու միջոցով: