Ռուսական ԶԼՄ-ներում շարունակվում են Երևանում կայացած Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները:
Նշենք, որ տոմս ունենալով հանդերձ, խաղի օրը մարզադաշտ չէին կարողացել մտնել 400 ռուսաստանցիներ և մոտ 600 տեղացի երկրպագուներ: Ոստիկանությունը բացատրել է այս հանագամանքը մարզադաշտի հագեցվածությամբ և ազատ տեղերի բացակայությամբ:
Խորհրդային և ռուսաստանյան դերասան Իգոր Զոլոտովիցկին «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում պատմել է Երևանյան ուղևորության մասին. «Մինչ իմ պատմությունը սկսելը, ուզում եմ նշել, որ այս ամենը չի վերաբերում հայերին և մեր ընկերներին, որոնք մեզ դիմավորում էին Երևանում: Դա հիանալի ուղևորություն էր: Խայտառակությունը նրանում էր, որ հանդիպումը սարսափելի վատ էր կազմակերպված: Մթնոլորտը նույնպես հիանալի էր, մինչև չսկսվեցին մարզադաշտի դարպասների մոտ առաջացած այդ կուտակումները: Դա հիշեցնում էր ինձ 83 թվականին տեսաձայնագրիչների համար առաջացող պայքարները, երբ կանայք ծեծում էին միմյանց անկախ տարիքից և այլ հանգամանքներից:
Մեր տոմսերը ոչ մի վայրում չստուգեցին, այն դեպքում, երբ մարդիկ անցնում էին մարզադաշտ այնպես, ինչպես միսը մսաղացի միջով: Մենք եկել էինք նաև երեխաների հետ: Առհասարակ, ամեն ինչ նախապես ծրագրավորված էր, մեր ընկերները տոմսերը գնել էին 7 հազար ռուբլիով ($235): Մենք 11 հոգի էինք, եկել էինք խաղից 50 րոպե առաջ: Սակայն մոտ 400 հոգու թույլ չտվեցին ներս մտնել»:
Ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը Զոլոտովիցկիին պատասխանել է. «Կարելի է ասել, որ սա կազմակերպված անկարգություն էր: Հնարավոր է, որ մարդիկ անգամ առանց տոմսերի էին անցնում»:
«Կարծում եմ, որ սա խայտառակություն է հայկական ֆուտբոլային միության համար: Չէ որ այնտեղ լուրջ մարդիկ կային, և մարդիկ, կարծես, տոնի էին եկել: Եվ ոչ մի ագրեսիա չկար: Երևանում ոչ մի բան չէր կազմակերպվել: Կազմակերպվածություն կար միայն VIP տեղերում: Կարճ ասած, Երևանում լավ ժամանակ անցկացրեցինք, ֆուտբոլը դիտեցինք սրճարանում», – ասել է Զոլոտովիցկին:
Այս հարցում վերջակետ է դրել Ուտկինը` որոշելով «վիրավորել հայերին»`համեմատելով Հայաստանը Ադրբեջանի հետ.
«Մենք հույս ունենք, որ ինչ-որ միջոցառումներ կձեռնարկվեն այս ուղղությամբ: Այստեղ հաստատապես անհրաժեշտ է Ռուսաստանի միջամտությունը: Հույս ունենանք, որ այս պատմությունն իր շարունակությունը կունենա: Ես հիմա հատուկ կվիրավորեմ բոլոր հայերին, հատկապես` Երևանում բնակվող: Բայց ես հիմք ունենալով կվիրավորեմ: Հարգելիներս, գիտե՞ք, որ Ադրբեջանում մեր երկրպագուներին այդպես չէին դիմավորում: Այնտեղ, իհարկե, նույնպես լարվածություն կար: Բայց դա այլ հարց է, դա բոլորովին այլ պատմություն է: Իսկ առհասարակ, Հայաստանում ֆուտբոլային հանդիպում կարողանում են կազմակերպել և անցկացնել ավելի վատ, քան Ադրբեջանում, մենք դա պարզեցինք»: