ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորն է լինելու: Այս մասին նա հայտարարել է այսօր Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմ-Ռեյի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքներին հարվածել Լեռնային Ղարաբաղ ժամանող ինքնաթիռներին` երկրի ղեկավարը նշել է, որ նման սպառնալիքները հնչում են ոչ թե պետությունների,այլ ահաբեկիչների կողմից:
Սարգսյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ունի օդային տրանսպորտից օգտվելու իրավունք:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի տնօրեն Արիֆ Մամեդովի հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն իրեն իրավունք է վերապահում վերացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ցանկացած ինքնաթիռ:
ԼՂՀ արտգործնախարարությունն այդ առնչությամբ հայտարարություն էր տարածել` Մամեդովի խոսքերը որակելով անպատասխանատու: