Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր թեմի հոգևորականներին Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռում «աշխատանքի է նշանակել» սպասավորի և կարգադրել, որ այսուհետ մատուռը գործի մյուս եկեղեցիների նման` նախկինում անվճար մոմը վաճառվի, եկեղեցական արարողություններ կատարվեն: Այսինքն` համարել են, որ հատուկ զոհվածների մայրերի համար ամերիկահայ բարեգործների միջոցներով կառուցված մատուռն արդեն պետք է իրենց ծառայի և փող բերի, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Զոհվածների մայրերի բոլոր բողոքները արդեն մի քանի ամիս շարունակվող վիճակի դեմ ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ Կաթողիկոս Գարեգին Բ-ն բացատրել է, որ մատուռը պատկանում է Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն: Ստացվում է, որ տարիներ շարունակ սպասել են հարմար առիթի, որ մատուռն իրենցով անեն: Մայրերի հույսը մնացել է այն, որ դիմեն ամերիկահայ Ոսկանյան ամուսիններին և նրանց միջոցով հիշեցնեն, թե ինչ նպատակով է կառուցվել մատուռը: Նրանք խորապես վիրավորվել են Արարատյան հայրապետական թեմի քահանա Ղևոնդյանի հայտարարությունից` թե «ավելի լավ է քանդել օգուտ չբերող մատուռը»: