Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը, որը շարունակում է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով լսումները, մերժել է Դինքի ընտանիքի փաստաբանի` մեղադրյալ Օգյուն Սամաստի հոր վկայությունը դատարանում լսելու հնարավորության տրամադրման միջնորդությունը, գրում է Today’s Zaman-ը:
Սամաստը 17 տարեկան էր, երբ 2007 թվականի հունվարի 19-ին սպանեց «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: Սամաստի հայրը` Ահմեթ Սամաստը, սպանությունից կարճ ժամանակ անց` նախքան որդու ձերբակալությունը, հարցաքննության ընթացքում ոստիկանությանն ասել էր. «Նրա հրամանատարը ավելի լավ կիմանա` որտեղ է թաքնվում Օգյունը»:
Դինքի ընտանիքի փաստաբանը խնդրել է դատարանին թույլ տալ լսել Ահմեթ Սամաստի վկայությունը դատարանում` նրանից ավելի շատ տեղեկություններ քաղելու համար այդ առեղծվածային հրամանատարի մասին, որն այդ ժամանակ կապեր ուներ դեռևս անչափահաս Օգյունի, ով, իր հերթին, առնչություն չուներ զինվորական կյանքի հետ: Դատարանը մերժել է փաստաբանի խնդրանքը` հիմնավորելով իր որոշումը այն հանգամանքով, որ հոր վկայությունը «հետաքննությանը ոչնչով չի օգնի»: