Թուրքական խողովակաշարային BOTAS ընկերությունը ադրբեջանական գազի փոխադրման վերաբերյալ բանակցություններ է սկսել հունական DEPA ընկերության հետ: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը` հղում կատարելով թուրքական Haberturk պարբերականին, բանակցությունների հիմնական թեման ադրբեջանական գազի փոխադրման գների բարձրացումն է եղել:
Քանի որ Թուրքիան 1000 խորանարդ մետր ադրբեջանական գազի դիմաց վճարում է $ 250, նախկին 120-ի փոխարեն, BOTAS-ը հունական կողմից պահանջում է փոխադրման գները համապատասխանեցնել նոր պայմաններին: Մեկ այլ աղբյուրի տվյալների համաձայն, հունական կողմը համաձայն չէ այս բանաձևի հետ և պահանջում է պահպանել նախկին գները:
Թուրքիայի էներգետիկայի նախարարը չի բացառում, որ եթե Հունաստանը հետագայում էլ շարունակի իր դիրքորոշումը պաշտպանել այս հարցում, իրենք հունական կողմի դեմ հայց կներկայացնեն Միջազգային միջնորդ դատարան: Թուրքական պարբերականի տվյալներով` նման սցենարի զարգացման դեպքում Թուրքիան դատը շահելու բոլոր հնարավորություններն ունի: