ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, միևնույն անձին նույն պաշտոնից կարող է մի քանի անգամ ազատել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Այսպես, ՀՀ կառավարության «ՀՀ էլեկտրոնային կառավարում» կայքի «Վարչապետի որոշումները» բաժնում տեղադրված է Տիգրան Սարգսյանի կողմից այս տարվա մարտի 21-ին ստորագրված Ա-223 որոշումը`«Դավիթ Հակոբյանին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին»: Ըստ այդմ, Դավիթ Հակոբյանը սեփական դիմումի համաձայն մարտի 21-ից ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Սակայն նույն կայքի նույն բաժնում կարելի է հանդիպել Տիգրան Սարգսյանի մարտի 23-ով թվագրված ևս մեկ Ա-223 որոշման , որը կրկին Դավիթ Հակոբյանին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին է: Երկու որոշումների տարբերությունը միայն դրանց ստորագրման ամսաթվերն են»: