Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին` ընդդիմադիրների ձերբակալությունների առնչությամբ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Ադրբեջանում վաղը նախատեսված հակակառավարական ակցիայից առաջ ձերբակալվածների թիվը հասել է 11-ի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումները բարեփոխումների պահանջով հանդես եկողների նկատմամբ զանգվածային են և անխնա», – հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի և միջին Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Ջոն Դալհույսենը:
Հիշեցնենք, որ Բաքվի քաղաքապետարանը մերժել էր ընդդիմությանը ապրիլի 2-ին հանրահավաք անցկացնելու իրավունք տրամադրելու մեջ` առաջարկելով հանրահավաք անցկացնել Բիբի-էյբաթ գյուղում:
«Իշխանությունները հայտարարել են, որ Նարիմանովի անվան հրապարակում կամ «Թեբրիզ» կինոթատրոնի դիմաց հնարավոր չէ հանրահավաք անցկացնել` այդ հատվածի երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով: Նման պատասխանը հակասում է ոչ միայն օրենքին, այլ իշխանությունների թույլ տված լուրջ սխալ է, նրանք ստիպված կլինեն պատասխան տալ դրա համար:»,- ասել էր Գաջիլին:
Նախորդ անգամ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ Բաքվում ձերբակալվել էր ավելի քան 100 մարդ: