Դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիան եվրոպականացման ճանապարհին լուրջ քայլեր է կատարում: Այժմ Թուրքիայի խորհրդարանում կարող է հայտնվել երկրի առաջին տրանսսեքսուալ պատգամավորը:
Գեյերի, լեզբուհիների և տրանսսեքսուալների գործունեության պաշտպանության և օգնության «Ծիածան» ասոցիացիայի ղեկավար Օյքու Օզենը իր փաստաթղթերն է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Նա ցանկանում է առաջադրվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմից:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Օզենը հայտարարել է, որ ինքը խորհրդարանական ընտրություններում առաջին թեկնածուն է, ով բացահայտ կերպով խոսում է իր ոչ ավանդական սեռական ուղղվածության մասին և մտադիր է դրանով մտնել երկրի պատմության մեջ:
Թուրքական ԶԼՄ-ները վստահ են, որ երկիրը դեռևս պատրաստ չէ նման փոփոխությունների, և դժվար թե ԺՀԿ-ն թույլատրի Օզենին մասնակցել ընտրություններին:
Փորձագետները վստահ են, որ ԺՀԿ-ի ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն կարող էր և ընդունել ասոցիացիայի ղեկավարի առաջարկը, եթե չլիներ մի կարևոր հանգամանք: «Ծիածանը» գործում է Բուրսայում, իսկ կուսակցության նախագահը պարզապես չի կարող վտանգել Թուրքիայի այս հատվածի ձայները, քանի որ Բուրսան հայտնի է իր պահպանողականությամբ: