ՀՀ քրեակատարողական վարչության դատապարտյալների պայմանական վաղաժամկետի ազատման հարցերը քննող հանձնաժողովը երեկ բավարարել է քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանին պայմանական ազատելու հայտը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Միջգերատեսչական հանձնաժողովի որոշումն այսօր պետք է ուղարկվի «Հրազդան» ՔԿՀ, որտեղ այժմ պահվում է Արամ Բարեղամյանը: Նշված ՔԿՀ-ն դրա հիման վրա պետք է միջնորդություն ներկայացնի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայր, որից հետո` արդեն դատարանի որոշման հիման վրա, Բարեղամյանը պետք է ազատ արձակվի: Միջգերատեսչական հանձնաժողովի որոշումից հետո ազատազրկվածին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը սովորաբար տևում է 2-3 օր: Բարեղամյանը 2008-ի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետը: Նա վեց տարվա ազատազրկման է դատապարտվել մարտի 1-ի քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):