2011թ. դեկտեմբերին կհրապարակվի «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը», որում տեղ կգտնեն երիտասարդական պետական քաղաքականության զարգացման նպատակով իրականացվող համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները:
Այն վերաբերվելու է 18-30 տարեկան բոլոր քաղաքացիներին հուզող հարցերին: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում այսօր հայտարարել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Ըստ բանախոսի` նման զեկույցի հրապարակման հաջող փորձ տեղի է ունեցել 2006-2007 թվականներին:
«Բոլորս հասկանում ենք, որ հինգ տարվա ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել մեզ շրջապատող աշխարհում և բնականաբար երիտասարդներին հուզող խնդիրներն էլ որոշակի տրանսֆորմացիայի են ենթարկվել», – նշել է Արսեն Քարամյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, ասուլիսի ընթացքում խոսվել է այն երեք հիմնական ուղղությունների մասին, որոնց շուրջ իրականցվելու են ուսումնասիրությունները. դրանք են` որակյալ և մատչելի կրթության կազմակերպումը, երիտասարդության զբաղվածության խնդիրը, առողջության և հատկապես վերարտադրողականության խնդիրները:
Ուսումնասիրությունը մեկնարկելու է մայիսից ամբողջ հանրապետության տարածքում և տևելու է մինչև հոկտեմբերի վերջը: Դեկտեմբերի երկրորդ կեսին զեկույցը հրապարակվելու է հայերենով, իսկ 2012 հունվար-փետրվար ամիսներին` անգլերենով: