Պատմությունը մեզ պատերազմ սկսելու կոչ չի անում, այլ ընդհակառակը, վկայում է այն մասին, որ պատերազմը խնդիր չի լուծում: Ղարաբաղում կայացած «Զինված հակամարտությունից հետո խաղաղարար գործողությունների իրականացման և խաղաղ համագոյակցության փորձը` Կիպրոսի օրինակը» կլոր սեղանի ընթացքում նման կարծիք է հայտնել Լեֆկեի Եվրոպական համալսարանի պատմության պրոֆեսոր Մելթեմ Օնուրկան Սամանին:
«Մենք կողմ ենք պատմության հանդեպ ազգային մոտեցմանը, սակայն դեմ ենք դրա ազգայնական մեկնաբանությանը: Մենք դատավորներ չենք, որպեսզի պնդենք, որ թուրքերը ճիշտ են, հույները`ոչ: Խնդրի բոլոր կողմերը պետք է քննվեն»,- Սամանիի խոսքերն է փոխանցում Regnum-ը:
Փորձագետի խոսքով`քաղաքական գործիչները չպետք է խառնվեն պատմությանը: «Անցյալն ու պատմությունը տարբեր բաներ են: Պատմությունը երբեմն օգտագործվում է պատերազմի օրինականացման և արդարացման համար»:
Սամանին մասնակցել է Կիպրոսում Թուրքիայի պատմության դասագրքերի փոփոխման, դասավանդման նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման, բրոշյուրների հրապարակման աշխատանքներին, որոնց մեջ, ըստ նրա, «արտահայտված են ցավ, վիշտ և մարդկային տառապանք, որը համընդահնուր է համարվում»:
«Հակամարտությունից այսքան տարի հետո մենք դեռևս չենք կարողանում խաղաղ համաձայնագիր կնքել, վերացնել անջատողական սահմանագծերը: Անհրաժեշտ է փոփոխել մոտեցումներն ու ընկալման ձևերը»,-նշել է պատմաբանը:
«Հակամարտության պատճառած ցնցումը փոխանցվում է կրթական հաստատությունների, ԶԼՄ-ների միջոցով, տպվում է կոլեկտիվ գիտակցության մեջ, սատանայացվում է հակառակ կողմերի շնորհիվ: Քննադատությունը հաճախ սվիններով է ընդունվում, քանի որ շատերի կարիերան հիմնված է կոնֆլիկտի վրա: Անհրաժեշտ է վստահության կամուրջներ կառուցել: Ստատուս- քվոն նույնը չի մնում, միայն թվում է, թե այդպես է, իրականում այն աննկատ կերպով փոփոխվում է գլոբալ և տարածաշրջանային փոփոխություններին համընթաց»,-հայտարարել է կլոր սեղանի մեկ այլ մասնակից` Գլաֆկոս Կլիրիդիսի անվան եվրադեմոկրատիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի կառավարման նախագահ Քեթրին Կլիրիդիսը:
Ընդհանրացնելով բանավեճի արդյունքները` կլոր սեղանի կազմակերպիչներից մեկը`«Միջազգային համագործակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Կրիկորովան նշել է, որ չնայած Հյուսիսային և Հարավային Կիպրոսների միջև առկա հակասություններին, վերջին ժամանակներս երկու կողմերն էլ մի շարք կարևոր քայլեր են կատարել համերաշխության հաստատման ուղղությամբ, որի մեջ մեծ դերակատարություն ունի երկխոսությունը:
«Մեզ համար դա շատ օգտակար փորձ էր»,-նշել է նա:
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են նաև ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, կառավարության և ԼՂՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի փախստականներ: