Ազատության հրապարակի վերանվաճումը բավական բարդ գործընթաց է: Մենք միշտ էլ հասկացել ենք, որ դե-ֆակտո գրավումով հարցը չի լուծվի, մենք կառուցել ենք պայքարը` սկզբից սպառեցինք բոլոր իրավական միջոցները, դիմեցինք բոլոր տեսակի ատյաններին: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Հարցը, ըստ էության, հարյուր անգամ դիմելուց, արգելվելուց, մերժվելուց հետո ներկայացրեցինք և’ հասարակությանը. և’ միջազգային հանրությանը, ստացանք երկուսի կատարյալ հավանությունը, ինչից հետո` այո, դե-ֆակտո, արհամարհելով ապօրինի որոշումները, մտանք Ազատության հրապարակ», – ասել է ընդդիմադիր գործիչը` հավելելով, սակայն, որ իշխանությունները շարունակում են իրենց բթամիտ քաղաքականությունը` արգելելով ընդդիմության մուտքը Ազատության հրապարակ:
Լևոն Զուրաբյանը հավաստիացրել է, որ իրենք կանեն ամեն ինչ` այս հարցում վերջնական նպատակին հասնելու համար. «Հասնել մի իրավիճակի, երբ որևէ քաղաքական ուժ, ով ուզում է լինի, դիմում է քաղաքապետարան հանրահավաքի համար, անմիջապես նրա հայտը ընդունվում է ի գիտություն»:
Զուրաբյանը վստահ է, որ Ազատության հրապարակը վերանվաճելու հարցում ՀԱԿ-ը կհասնի հաջողության:
ՀԱԿ համակարգողն անդրադարձել է նաև երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացիական հագուստով անձինք ՀԱԿ ակտիվիստից 2000 թերթոն են գողացել: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, հարձակվողների մեջ ՀԱԿ ակտիվիստը ճանաչել է ոստիկանության աշխատակցի:
«Մենք չենք էլ ուզում, որ իրենք վերադարձնեն: Մենք ուզում ենք, որ այդ գրականությունը տարածվի նաև ոստիկանության շարքերում», – ասել է ընդդիմադիր գործիչը: