Ռուսաստանում արշավ է սկսվում աշխատանքային էմիգրանտների կեղծ ամուսնությունների դեմ: Նշենք, որ նման ամուսնությունների շնորհիվ վերջիններս օրինական կարգավիճակ են ստանում երկրում: Կալուգայի շրջանի դատարանը անօրինական է համարել տաջիկների և տեղի բնակչուհիների միանգամից մի քանի ամուսնություններ: Տեղի դատախազությունը մի քանի կեղծ ամուսնությունների լուծման պահանջով դատարան է դիմել և արդյունքում հաղթել դատը` այս քայլով կարևոր նախադեպ ստեղծելով, գրում է «Российская газета»-ն:
Ամեն ինչ սկսվել է կասկածելի հարսանիքից. փեսացուն 27-ամյա օտարերկրացի է եղել, իսկ հարսնացուն` 49-ամյա ռուսաստանցի: Դատախազության ստուգումների արդյունքում պարզվել է, որ ամուսինները ամուսնության պահից ի վեր միասին չեն ապրել, ընդհանուր երեխաներ չունեն, ընդհանուր տնտեսություն չեն վարում: Կինը պարզաբանել է, որ ապագա ամուսինն իրեն առաջարկել է ամուսնանալ առանց ընտանիք կազմելու մտադրության, իսկ ծառայություն մատուցելու համար նրան 15 հազար ռուբլի է վճարել:
Դատախազը պահանջել է նաև չեղյալ հայտարարել այս ամուսնությունների հիման վրա օտարերկրացիներին ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրող արտոնագրերը: