Home / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանությունը» 5 հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին

«Չորրորդ ինքնիշխանությունը» 5 հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ որոշել են շարունակական ակցիաներ կազմակերպել` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի  գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` պահանջելով ազատ արձակել իրենց գործընկերոջը: Երկուշաբթի օրվանից ակցիաների մեկնարկը տրվել է: Բոլոր այն խմբագիրները, որոնք համաձայնել են մասնակցություն ցուցաբերել շարունակական ակցիաներին, որոշել են այս փուլում ամեն մեկն իր լրատվամիջոցի անունից նամակ հղել «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանին` ակնկալելով վերջինիս պատասխանը: Սահմանվել է հերթափոխ. ամեն օր լրատվամիջոցներից մեկը նամակ է ուղարկելու «Արթիկ» ՔԿՀ և հետամուտ է լինելու, որպեսզի կալանավայրի ղեկավարությունը, համապատասխան վարչությունն ու նախարարությունը չխոչընդոտեն Փաշինյանի նամակագրությունը: Երկուշաբթի նամակ է ուղարկել «Հրապարակ» օրաթերթը: Երեկ Փաշինյանին նամակ գրելու հերթը «Չորրորդ ինքնիշխանութանն» էր: «ՉԻ» նամակը պարունակում է 5 հարցադրում` ուղղված Փաշինյանին:

««ՉԻ» հարցադրումներն հետևյալն են.

1.Եթե հենց հիմա հայտնվեիք  ազատության մեջ`ո՞րը կլիներ ձեր առաջին քայլը:

2.Որո՞նք են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջնորդած Հայ Ազգային Կոնգրեսի ձեռքբերումներն ու բացթողումները: Առհասարակ, ի՞նչպես կգնահատեիք ՀԱԿ գործունեությունը վերջին շրջանում:

3.Քաղաքական երկխոսության համար ՀԱԿ-ը երեք պահանջ է ներկայացրել իշխանություններին` քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի բացահայտման կամքի դրսևորում և Ազատության հրապարակում երաշխավորված հանրահավաքներ անցկացնելու իրավունքի ապահովում:  Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ընդառաջ կգնա՞ ՀԱԿ-ի առաջարկներին, և արդյո՞ք դրանից հետո իսկապես հնարավոր է քաղաքական երկխոսության կայացում:

4.Արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններ. ըստ Ձեզ`ո՞րն է ավելի հավանական:

5.Հանրահավաքային հարթակից այս պահին ի՞նչ կոչ կանեիք ՀՀ պայքարող քաղաքացիներին, և նրանց, ովքեր դադարել են հավատալ հեղափոխության հաղթանակին»: